«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Ոչ ոք չի կարող ճշմարիտ աստվածտեսության հասնել, եթե ոչ Աստծու որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով

Ոչ ոք չի կարող ճշմարիտ աստվածտեսության հասնել, եթե ոչ Աստծու որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով
31.07.2012 | 05:02

«Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց»։
Քրիստոս եկավ աշխարհ` փրկագնելու սատանային ստրկության վաճառված մարդկային ազգը: Տերը շատ թանկ գին վճարեց մեր հոգիների փրկության համար. Իր բովանդակ արյունը հեղեց, Իր մարմինը տվեց գիշատիչ գազանների հոշոտվելուն, տարավ նախատինքը, ապտակը, թուքն ու անարգանքը: Եվ ով հավատաց Քրիստոսի բերած փրկությանը, Հոր կողմից հանձնվեց Որդու ապավինությանը: Նրանցից և ոչ մեկին Տերը չի կորցնելու, այլ վերջին օրը հարություն է տալու մեռելներից:
Ո՞րն է վերջին օրը: Արարման առաջին օրը չունի առավոտ, այլ միայն երեկո: Առաջին օրվան հաջորդող բոլոր մյուս օրերն ունեն առավոտ և երեկո: Իսկ վերջին օրը ունի առավոտ, սակայն ոչ երեկո. այն մեկնարկում է հարությամբ` դրվում է ժամանակի վախճանը և հավիտենականի սկիզբը:
Վերջին օր է կոչվում նաև այն օրը, երբ վերջին ընտրյալը կծնվի, ու կամբողջանա ընտրյալների թիվը: Որքա՜ն մեծ արժեք ունեն քրիստոնյաները Տիրոջ աչքում, որ Նա համբերությամբ սպասում է նրանց թվի ամբողջացմանը, մինչ Իր դատաստանը կատարելը:
«Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»։
Աստծու կամքն է, որ բոլորը հավատան Միածին Որդուն և փրկվեն: Սակայն, ինչպես Քրիստոսի երկրավոր կյանքի ժամանակ ոչ բոլոր Նրան տեսնողներն էին հավատում, այնպես էլ այսօր` Ավետարանի բերած փրկությունը բոլորը չեն ընդունում: Տիրոջը տեսան առաքյալները և հավատացին, իսկ փարիսեցիներն ու օրենսգետները, ովքեր ևս ականատես եղան հրաշքների, չհավատացին, այլ ցանկացան սպանել Նրան:
Այսօր Քրիստոսի տեսությունը մեզանից ծածկված է, սակայն Տերը երանի է տալիս նրանց, ովքեր չեն տեսել, բայց կհավատան: ՈՒստի, այս առումով մարդիկ չորս խմբի են բաժանվում. նրանք, ովքեր տեսել են Քրիստոսին և հավատացել, ինչը բարի է. ովքեր չեն տեսել և հավատում են, ավելի բարի է. ովքեր չեն տեսել ու չեն ուզում հավատալ, ինչը չար է. ովքեր տեսել են, սակայն չեն հավատում, ավելի չար է:
Մարդը երկու կյանք ունի` ժամանակավոր և հավիտենական: Կենդանի հավատքը ժամանակավոր կյանքից փոխադրում է դեպի հավիտենականը և փրկելով հավիտենական մահվանից ` արժանացնում հավիտենական կյանքի:
«Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ Եվ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք։ Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»»։
Հրեաները Քրիստոսին մարդ էին համարում և ոչ Աստված, չէին ընդունում Հայր Աստծուց Նրա հավիտենական ծնունդը, երկնքից իջնելը և ծնվելը Սբ. Կույս Մարիամից Սուրբ Հոգու զորությամբ: ՈՒստի Նրան Հովսեփից ծնված էին համարում: Սակայն մեր Տերը բնությամբ Աստծու Որդին է, մարդկությամբ` Մարիամի, ազգակցությամբ` Դավթի և Աբրահամի, ծագումով` Ադամի, և միայն կոչումով` Հովսեփի որդին: ՈՒստի, սխալ են հրեաները, որ Տիրոջը համարում են Հովսեփից և ոչ երկնքից իջած:
«Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. ոչ ոք չի կարող գալ դէպի Ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ»»։
Հայր Աստված մարդկային ցեղին ձգում է դեպի Իրեն Ադամի անկումից սկսած: Նախ` նահապետներին բնական օրենքով ձգեց Տերը` աստվածպաշտության տարբեր կերպեր տալով (զոհաբերություն, թլփատություն), այնուհետև, գրավոր օրենքով` Իսրայելին տալով պատվիրաններ և աստվածահաճո կյանքի չափանիշներ: Սակայն այս բոլոր օրենքները նախապատրաստությունն էին գլխավոր ձգողական ուժի` սիրո օրենքի:
Աստված սեր է, և անսահման սիրուց բխած` ոչնչից արարեց մարդուն: Արարչի վերջնական նպատակն է միավորվել իր արարածի հետ: Երկու սիրելիների միավորումը լինում է զգայարանների միջոցով` աչքի, ականջի, քթի, ձեռքերի և բերանի: Հին օրենքում այս միավորումն անհնարին էր, քանի որ Աստծուն տեսնողը չէր կարող կենդանի մնալ, իսկ երբ Նրա ձայնը լսվում էր Սինա լեռան վրա որոտումի, մառախուղի ու հրի միջից, լսողները խնդրում էին, որ այն չկրկնվեր:
Նոր օրենքից եկող շնորհների ներգործությամբ մարդիկ կարողացան տեսնել Աստծուն` Քրիստոսին, լսել Նրան, Նրա քարոզչության անուշ բուրմունքն առնել, իրենց ձեռքերով շոշափել կենաց Բանը: Այնքան մեծ էր ձգողական սերը, որ Քրիստոս կամեցավ հաց դառնալ և բնակվել մեր մեջ: Մենք, ընդունելով այն, մեկ ենք լինում Քրիստոսի հետ: Քրիստոսի սբ. Հաղորդությունը, իբրև թթխմոր դրվելով մեր մեջ, խմորում է մեր ողջ էությունը, և վերջին օրը Քրիստոսի Սբ. Մարմնի և Արյան շնորհիվ հարություն կառնենք:
«Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»։ Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ։ Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը»։
Աստված տարբեր ժամանակներում և տարբեր միջոցներով հայտնում և ուսուցանում է մարդկանց Իր մասին: Հին ՈՒխտում աստվածճանաչողության ուսուցիչներն էին մարգարեները: Առաքյալներն Աստծու մասին սովորում էին անմիջապես Քրիստոսից: Իսկ եկեղեցու հայրերը սովորում են Սբ. Հոգուց` շնորհների միջոցով: Այսինքն` մարդկության պատմության մեջ աստվածգիտության երեք հիմնական ժամանակաշրջաններ կան. Հին ՈՒխտում` Հայր Աստծուց, Քրիստոսի երկրավոր կյանքի ժամանակ` Որդի Աստծուց, Հոգեգալստից սկսած` Սբ. Հոգի Աստծուց:
Իսկ հանդերձյալ կյանքում Աստծու մասին որևէ բան սովորելու անհրաժեշտություն չի լինելու, քանի որ բոլոր փրկվածներն ունենալու են Քրիստոսի անմիջական տեսությունը և ճանաչելու են Աստծուն անմիջնորդ կերպով, ինչպես երկնքի հրեշտակները:
Ամեն ոք, ով ցանկանում է Աստծուց ուսանել, հավատի միջոցով ընդունում է աստվածային շնորհների հեղումը և ճանաչում Աստծուն: Սակայն Աստծուն ոչ ոք բնությամբ և էությամբ չի տեսել, այլ միայն Նա` Աստծու Որդին, որ Նրա բուն Էությունից ու բնությունից է: ՈՒստի և ոչ ոք չի կարող ճշմարիտ աստվածտեսության հասնել, եթե ոչ Աստծու Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով:
Ով հավատում է, ընդունում է հավիտենական կյանքը. հավատով է մեր մեջ դրվում հավիտենական կյանքի սկիզբը: Նախ` մեր կենդանի մարմնում մեռնում է մեղքը, և հարություն է առնում հավատը: Իսկ համընդհանուր հարության ժամանակ այդ նույն հավատով կենդանանալու են մեր մեռած մարմինները: Մեր մեջ հաստատված հարության հույսով ու հավատով մարմնի մահը նինջ է համարվում: Մկրտության, Հաղորդության ու հավատքի դավանության շնորհներով մեր հոգիներում դրվում են հավիտենական կյանքի սերմերը, որոնք հանդերձյալ կյանքում ծաղկելով ու պտղաբերելով, մեզ աստվածային փառքով են զարդարելու:

Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Դիտվել է՝ 5669

Մեկնաբանություններ